Նեյրոսոնգրաֆիան անվտանգ և անցավ հետազոտություն է, որի ժամանակ երեխայի գլխուղեղի պատկերը ստանալու համար օգտագործվում են ուլտրաձայնային ալիքներ: Այն չունի ոչ մի ընդհանրություն ռենտգեն հետազոտության հետ, այդ իսկ պատճառով ճառագայթման վտանգը բացառվում է: Անհրաժեշտության դեպքում հետազոտությունը կարելի է կրկնել մի քանի անգամ, քանի որ այն լիովին անվնաս է: Չի պահանջվում երեխային հատուկ պատրաստել այս հետազոտության համար, այն հնրավոր է իրականացնել ցանկացած ժամանակ, իսկ ընթացքը չի գերազանցում 15-20 րոպեն: Հետազոտության ընթացքում ստացված սև-սպիտակ պատկերների վրա երևում է գլխուղեղի ներքին կառուցվածքը` ընդգրկելով փորոքները (նկար` 1), ինչպես նաև գլխուղեղի անոթները դոպլեր հետազոտության ժամանակ (նկար` 2) :
Նեյրոսոնգրաֆիան հնարավոր է իրականացնել միայն այն երեխաների մոտ, ում գանգի ոսկրերը մինչև վերջ չեն սերտաճել (գլխի գագաթի շրջանում գտնվող բաց հատվածը կոչվում է գաղթուն. (նկար 3): Բաց գաղթունը հիանալի հնարավորություն է ընձեռում գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտության համար, նրա վրա դնելով հատուկ ուլտրաձայնային փոքրիկ տվիչ (նկար 4), ստանում են գլխուղեղի պատկերները տարբեր հարթություններով: Երբ գանգի ոսկրերը սերտաճում են (մոտավորապես 1 տարեկան հասակում), անհնար է դառնում կատարել հետազոտությունը, քանի որ ոսկերը խոչընդոտում են ուլտրաձայնային ալիքի թափանցմանը:
Համաձայն ժամանկակից բժշկական չափորոշիչների, խորհուրդ է տրվում յուրաքանչյուր նորածնին գոնե մեկ անգամ կատարել նեյրոսոնոգրաֆիա: Այն թույլ կտա բացառել այն հիվանդությունները, որոնք կարող են արտահայտվել մեկ տարեկանից հետո` երբ գաղթունը կփակվի, օրինակ` գլխուղեղի որոշ հիվանդություններ և զարգացման արատներ: Եթե այդպիսի հետազոտություն չի կատարվել ծննդատանը, ապա օպտիմալ է այն կատարել երեխայի կյանքի առաջին ամիսների ընթացքում: Նեյրոսոնոգրաֆիկ հետազոտություն պարտադիր է կատարել այն նորածիններին, ովքեր վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի կարիք ունեն, բոլոր անհաս նորածիններին, ներարգանդային ինֆեկցիայի կասկածով, մինչև ծննդաբերութունը կամ ծննդաբերության ընթացքում հիպօքսիա տարած նորածիններին (թթվածնի անբավարարություն), ինչպես նաև ծննդաբերական վնասվածքով (օրինակ` կեֆալոհեմատոմայով), խոշոր նորածիններին, կամ հակառակը` ներարգանդային աճի դանդաղումով նորածիններին, ինչպես նաև ախտաբանական նյարդաբանական նշաններով բոլոր նորածիններին: Բացի այդ, հետազոտությունը նշանակվում է դեմքի և գլխի ատիպիկ կառուցվածքով, արտափքված գաղթունով, այլ օրգանների արատների կամ կառուցվածքային յուրահատկություններով նորածիններին: Եթե հետազոտության ընթացքում հայտնաբերվում են ինչ-որ շեղումներ, այդ դեպքում ախտորոշման ճշտման համար կարող է հարկավոր լինել երեխային կրկնակի հետազոտել կամ կատարել մագնիսառեզոնանսային շերտագրություն: