
01 Oct Խորհուրդներ ծննդատնից դուրս գրվելուց հետո
Ցավոք սրտի նորածինները դուրս չեն գրվում ծննդատնից «օգտագործման ձեռնարկով»։ Դուրսգրումից հետո Ձեր մոտ անպայման կծագեն բազմաթիվ հարցեր՝ սկսած կրծքով կերակրումից, վերջացրած լոգանքից և պորտալարի մնացորդի խնամքից։ Ստորև ներկայացված համառոտ ձեռնարկում դուք կգտնեք նորածնի խնամքի մասին այն ինֆորմացիան, որն անհրաժեշտ է իմանալ նրա կյանքի բարդ, բայց հրաշալի առաջին շաբաթների ընթացքում։
Մինչև 6 ասական երեխաները պետք է սնվեն բացառապես կրծքով, քանի որ կրծքի կաթը իր մեջ պարունակում է նորածնի աճի և զարգացման համար անհրաժեշտ բոլոր բաղադրամասերը։ Հավելյալ սնուցման մեկնարկման հետ մեկտեղ կրծքով սնուցումը պետք է շարունակել մինչև 2 տարեկան հասակը և ավել։ Ծնողների և խնամակալների համար շատ կարևոր է ճանաչել նորածնի սոված լինելու մասին ազդարարող վարքագիծը։ Այդ ժամանակ նորածինը շարժում է շրթունքները, ծծում է մատները, ունենում է թքարտադրություն, բերանով և լեզվով ծծելու շարժումներ է անում (կարծես արդեն կերակրվում է)։ Ճիչը և լացը սնունդ պահանջելու վերջին հուսահատ ճիգերն են, և պետք չէ սպասել, մինչև երեխան լացելու միջոցով ուտել պահանջի։
Երեխային կերակրեք ըստ նրա պահանջի՝ այնքան հաճախ և այնքան երկար, որքան նա ցանկանում է, չանտեսելով գիշերային կերակրումները։ Օրական նորածնին հարկ է լինում կերակրել 8-10 անգամ։ Առավել մեծ տարիքում առողջ մանկիկը սահմանում է ուտելու իր անհատական ռեժիմը, և իրար հաջորդող կերակրումների միջև ընկած ժամանակահատվածը կարող է տատանվել 1-3 ժամ։ Մայրական կաթը շատ դյուրամարս է և կարող է դատարկվել ստամոքսից մեկ ժամվա ընթացքում։ Երեխային կերակրեք 15-20 րոպեից ոչ պակաս, որպեսզի երեխան ստանա կրծքի առավել յուղոտ՝ «հետին կաթը» և հագենա։ Թույլ տվեք, որ երեխան ինքն ավարտի կերակրումը։ Երբեմն նա կուրծքը թողնում է, մի փոքր հանգստանում և նորից է պահանջում կերակրում։ Առաջարկեք նույն կուրծքը, իսկ եթե նա հրաժարվում է արդեն դատարկ կուրծքը ծծելուց, բայց դեռ բավարարված չի թվում, առաջարկեք մյուս կուրծքը։
Յուրաքանչյուր կերակրումից հետո օգնեք նորածնին գղտալ, այն օգնում է ազատվել ստամոքսում կուտակված օդից։ Կերակրումից հետո նորածնին ուղղահայաց դիրքում պահելը և նուրբ հարվածելը մեջքի շրջանին հեշտացնում են գղտալը։

Լոգանք
Նորածինները ամենօրյա լոգանքի կարիք չունեն։ Կյանքի առաջին 12 ամիսներին, շաբաթվա ընթացքում 1-3 լոգանքը լիովին բավարար է։ Մինչև լոգանքը ստուգեք ջրի ջերմաստիճանը, այն պետք է լինի գոլ, բայց ոչ տաք (37-38°C)։ Նորածնին լողացրեք մաքուր ջրով, առանց մանգանի (մարգանցովկայի) լուծույթի։ Մանկական լոգարանը հարմար տարբերակ է նորածնի լոգանքը անվտանգ կազմակերպելու համար։ Նորածնի մարմինը լոգարանում պետք է ամբողջովին ծածկված լինի ջրով, իսկ գլուխը պետք է պահել ջրից դուրս։ Փոքրիկի լոգանքի համար ընտրեք միայն մանկական լոգանքի գել։ Լոգանքը պետք է սկսել մարմնից, հետո անցել գլուխը լվանալուն, տևողությունը պետք է լինի շուրջ 10 րոպե։ Ավարտեք լոգանքը ցայելով նորածնին մաքուր ջրով, որից հետո արագ չորացրեք և թողեք նրան թույլ բարուրված վիճակում 7-10 րոպե։
Չի կարելի լոգանքի ժամանակ թեկուզ 1 վայրկյանով նորածնին թողնել առանց հսկողության և պահել հոսող ջրի տակ (ջերմաստիճանը կարող է կտրուկ փոփոխվել և հանգեցնել այրվածքների)։ Բացառեք ձեռքերի, ոտքերի և վզի ձգումներն ու մերսումները։ Նորածնի լոգանքի և տակդիրը փոխելու մասին առավել մանրամասն և պատկերավոր տեղեկություն կարող եք ստանալ անցնելով այս հղմամբ։
http://www.neonatal.am/ru/parents_corner/baby_bath.html
Պորտալարի մնացորդի խնամք
Պորտալարի մնացորդը սովորաբար ընկնում է մինչև կյանքի 15-րդ օրը։ Պորտը պետք է պահել մաքուր և չոր՝ թողնելով տակդիրից դուրս։ Պորտալարի մնացորդի մումիֆիկացման կամ չորացման ընթացքում կարող է լինել արյունային կամ շճաարյունային քիչ քանակությամբ արտադրություն, որն ախտաբանական վիճակ չէ և բուժում չի պահանջում։
Որոշ դեպքերում պորտալարի մնացորդը կարելի է մշակել 70% սպիրտով, խորհուրդ չի տրվում օգտագործել բիլիանտ կանաչ (զելյոնկա) կամ այլ անտիսեպտիկ։
Ծնողները և խնամակալները պետք է ուշադրություն դարձնեն պորտալարի մնացորդի արտաքին տեսքին։ Եթե այն այտուցված է, կարմրած, թարախակալված կամ վատ հոտ է գալիս, պետք է դիմել բժշկի։

Մաշկի և սեռական օրգանների խնամք
Մաշկի խմամք
Ամեն օր լվացեք նորածնի դեմքը և ձեռքերը գոլ ջրով և հատուկ ուշադրություն դարձրեք կզակի տակ գտնվող մաշկային ծալքերին, որտեղ կարող են կուտակվել ծորած կաթի և թքի մնացորդները։ Լոսյոնով մի մշակեք նրա ձեռքերը և դեմքը։ Դեմքի մաշկի խնամքի համար խորհուրդ չի տրվում օգտագործել մանկական յուղեր և փոշիներ։ Փոշու մանր մասնիկները ներշնչման ժամանակ կարող են անցնել շնչուղիներով, հասնել թոքերին և բերել մի շարք բարդությունների։ Տակդիրը հաճախ փոխեք՝ օրական նվազագույնը 4-5 անգամ։ Փոխելիս հետևեք երեխայի մաշկի մաքրությանը և օգտագործեք պաշտպանիչ քսուկ։ Ծնողները և խնամակալները պետք է հետևեն նաև իրենց անձնական հիգիենային՝ մարմնի և հագուստի մաքրությանը։
Սեռական օրգանների խնամք
Սեռական օրգանները պետք է լվանալ կամ սրբել հիգիենիկ անձեռոցիկով յուրաքանչյուր անգամ տակդիրը փոխելուց հետո։
Նորածին աղջիկների սեռական ճեղքից կարող է լինել կաթնագույն կամ արյունային արտադրություն, ինչը բուժում չի պահանջում։ Տղաների մոտ ծայրային մաշկի հետ քաշումը կարող է բերել վնասման, քանի որ այն նորածինների մեծ մասի մոտ ամուր ամրացված է առնանդամի գլխիկին։ Անհրաժեշտության դեպքում երեխայի 1 տարեկանը լրանալուց հետո դիմեք մանկական վիրաբույժի։
Քուն
Սովարաբար նորածինները օրվա մեծ մասը քնած են անցկացնում։ Քնելու համար անհրաժեշտ չէ տանը ստեղծել անաղմուկ միջավայր։ Անվտանգության և մանկական հանկարծամահության համախտանիշի կանխարգելման նպատակով ծնողները և խնամակալները պետք է հետևեն ստորև նշված կետերին՝
- նորածնին միշտ պառկեցնել մեջքի վրա՝ հարթ և կոշտ ներքնակին
- պառկեցնել այնպես, որ ոտքերը մոտ լինեն մահճակալի ներքևի հատվածին,
- ծածկել նորածնին բարակ ծածկոցով (չծածկել դեմքը),
- նորածնի կողքից հեռացնել բոլոր փափուկ իրերն ու խաղալիքները, որոնք կարող են փակել երեխայի քիթը և բերանը,
- երեխայի հետ չքնել նույն անկողնում կամ բազմոցին, օրորոցը դնել ծնողների կամ խնամակալների սենյակում,
- չբարուրել,
- բացառել ծխախոտի ծխի առկայությունը երեխայի մոտ,
- խուսափել գերտաքացումից, պահպանել օպտիմալ սենյակային ջերմաստիճան՝ 20-22°C։

Մեջքի վրա պառկած դիրքը իր հերթին կարող է առաջացնել դիրքային պլագիոցեֆալիա, ինչից խուսափելու համար հետևեք խորհուրդներին։
Նորածնի հագուստը
Նորածնի հագուստը պետք է լինի հնարավորինս պարզ, հարմար և ազատ։ Ամռանը հագցրեք տակդիր և թեթև վերնազգեստ, եթե առկա է մաշկի կարմիր երանգավորում, ստուգեք նորածնի ջերմաստիճանը․ հնարավոր է նա շոգում է։ Պաշտպանեք նորածնին արևի ուղիղ ճառագայթներից, մեծ է այրվածք ստանալու վտանգը, իսկ վիտամին D-ի անհրաժեշտ քանակը նորածինները չեն ստանում այս մեթոդով։ Ցուրտ ամիսներին տանը պետք է ապահովել 20-22°C ։ Տակդիրի, ներքնազգեստի և տաք արտահագուստի օգտագործումը բավարար է։
Խորհուրդ չի տրվում բարուրել նորածնին, հետևյալ պատճառներով՝
- ամուր բարուրելիս երեխայի մարմնի և տակաշորի միջև օդի շերտ գրեթե չի մնում, ինչը թույլ չի տալիս պահել ջերմությունը,
- մարմնի սեղմված հատվածներում նվազում է արյան շրջանառությունը, որը հանգեցնում է այդ հատվածներում ջերմաստիճանի անկման,
- բարուրված երեխան ավելի շատ է քնում և ավելի քիչ է կուրծք պահանջում, որը խանգարում է նորմալ կաթնարտադրության հաստատմանը և երեխայի աճին,
- գլխով ամուր բարուրելը դժվարացնում է կրծքով կերակրումը, քանի որ երեխան կրծքին ճիշտ ամրակցման համար չի կարողանում շարժել գլուխը և բաց անել բերանը,
- ամուր բարուրելը դժվարացնում է երեխայի շնչառությունը,
- բարուրելը բացասաբար է անդրադառնում հենաշարժիչ համակարգի զարգացման վրա, օրինակ՝ այն նպասնում է կոնքազդրային հոդի թերզարգացմանը։
Զբոսանք
Նորածնի հետ կարելի է զբոսնել կյանքի առաջին իսկ օրերից՝ ցանկացած եղանակին։ Զբոսանքի տևողությունը սկզբնական շրջանում պետք է կազմի 10-15 րոպե, այնուհետև ամեն օր ավելացնելով 3-5 րոպե, հասցնել մինչև 1-2 ժամի։ Երեխային պետք է հեռու պահել արևի ուղիղ ճառագայթներից և պաշտպանել քամուց։ Ամռան ամիսներին երեխայի զբոսանքն անհարժեշտ է կազմակերպել մինչև կեսօրը և ժամը 17։00- ից հետո իսկ գլուխը պետք է պաշտպանել թեթև բամբակյա գլխարկով։ Եթե դրսում չափազանց ցուրտ է (-10° C- ից ցածր), զբոսնելու փոխարեն կարելի է փոքրիկին դուրս տանել պատշգամբ։
Նշաններ, որոնց դեպքում անհապաղ պետք է դիմել բժշկի
Բուժհաստատությունից դուրս գրվելուց և տուն վերադառնալուց հետո զանգահարեք Ձեր բժշկին կամ շտապ բժշկական օգնության ծառայություն (1-03), եթե նորածնի մոտ նկատվում են հետևյալ նշանները՝
- նորածինը հրաժարվում է 2 և ավել հաջորդաբար կերակրումներից կամ թույլ է ծծում կուրծքը,
- նորածնի մոտ առկա են ցնցումներ,
- նորածնի մոտ առկա է հաճախացած և/կամ դժվարացած շնչառություն,
- նորածինն ընկճված է, քնկոտ կամ դյուրագրգիռ,
- նորածնի մարմնի ջերմաստիճանը 37.5- ից բարձր կամ 36.5- ից ցածր է,
- նորածնի մոտ նկատվում է կրկնվող փսխում կամ փորլուծություն,
- նորածնի կղանքը ջրիկ է, կանաչավուն կամ առկա են լորձի, արյան հետքեր,
- նորածնի մաշկը պորտի շրջանում կարմրած է և/կամ թարախակալված,
- նորածնի մաշկային ծածկույթները ունեն կապտավուն գունավորում,
- նորածինն ինքնուրույն չի շարժվում կամ շարժվում է խթանելուց հետո,
- նորածինն ունի մոնոտոն գրգռված լաց, որը չի անցնում կերակրումից կամ խնամքի կազմակերպումից հետո։
Այս հոոդվածը պարունակում է ընդհանուր տեղեկություն և ոչ մի դեպքում չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը։ Նորածնի խնամքի հետ կապված հարցերի դեպքում կարող եք դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան ամբուլատոր ծառայություն։
Sorry, the comment form is closed at this time.