Լեզվի կարճ սանձիկ կամ անկիլոգլոսսիա - Pavel Mazmanyan | MD, PhD, Neonatologyst
57
post-template-default,single,single-post,postid-57,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,qode_grid_1300,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-15.0,qode-theme-bridge,disabled_footer_top,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.7,vc_responsive

Լեզվի կարճ սանձիկ կամ անկիլոգլոսսիա

Լեզվի կարճ սանձիկը (անկիլոգլոսսիան) զարգացման բնածին խանգարում է, որը արտահայտվում է նորմային համեմատ լեզվի առաջային ֆիքսացիայով: Անկիլոգլոսսիայի ժամանակ լեզվի ծայրը ֆիքսված է բերանի խոռոչի հատակին, որի հետևանքով խանգարվում է լեզվի շարժունակությունը:

Լեզվի կարճ սանձիկի առկայությունը երեխայի մոտ հաջողակ կրծքով կերակրման հաստատմանը խանգարող ամենահաճախ հանդիպող հանգամանքներից մեկին է: Խնդիրը բավականին արդիական է, ինչի հետ կապված կրծքով կերակրման ամերիկյան ակադեմիան և Մեծ Բրիտանիայի առողջապահության կատարելագործման ազգային ինստիտուտը մշակել են անկիլոգլոսսիայով նորածինների վարման ուղեցույցեր:

Նկ.1 Տարբեր աստիճանի արտահայտված անգիլոգլոսսիա և լեզվի սանձիկի տարբեր հաստություն ունեցող երեխաների օրինակներ

Անկիլոգլոսսիան թույլ չի տալիս նորածնին դուրս հանել և բարձրացնել լեզուն: Կրծքով կերակրման շատ փորձագետներ կարծում են, որ լեզվի շարժունակության վերը նշված սահմանափակումները խոչնդոտ են հանդիսանում կրծքով կերակրման ժամանակ լեզվի նորմալ պերիստալտիկ շարժմանը, ինչը բերում է կրծքով կերակրման հետ կապված խնդիրների:

Լեզվի կարճ սանձիկը կարող է բացասական ազդեցություն ունենալ երեխայի բանավոր խոսքի զարգացման վրա, դժվարացնելով «t», «d», «z»,  «th», «r» և «l» հնչյունների արտասանումը: Ավելի մեծ հասակում կարող են զարգանալ բերանի խոռոչի հիգիենայի հետ կապված խնդիրներ:

Կրծքով կերակրման մասնագետների մեծամասնությունը հիմնականում հակված է հատել լեզվի սանձիկը անգամ ծննդատնից դուրս գրվելուց առաջ՝ կյանքի առաջին օրերին կրծքով սնուցումը դյուրին դարձնելու համար: Ոմանք խորհուրդ են տալիս ծնվելուց հետո սպասել որոշ ժամանակ, աջակցելով կրծքով սնուցմանը: Վերջերս կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ մասնագետի կողմից կատարված ֆրենոտոմիան ( լեզվի կարճ սանձիկի հատումը) նվազեցնում է մոր մոտ պտուկների ցավը, բարելավում է նորածնի մոտ կրծքին ամրակցումը և շատացնում է երեխայի կողմից ստացած կաթի քանակը: Միջամտությունը պետք է կատարվի բուժհիմնարկում, փորձառու և պատրաստված մասնագետների կողմից:

Լեզվի կարճ սանձիկի հատում (ֆրենոտոմիա)

Ֆրենոտոմիան կատարվում է առանց անզգայացման, նորածնային բաժանմունքում կամ բժշկի ամբուլատոր սենյակում: Բժիշկը զննում է լեզվի սանձիկը, այնուհետև հատում է այն ստերիլ մկրատով: Միջամտությունը կատարվում է արագ և պատճառում է նվազագույն անհանգստություն նորածնին, քանի որ լեզվի սանձիկում գտնվում են շատ քիչ նյարդային վերջավորություններ և արյունատար անոթներ: Ֆրենոտոմիայից հետո երեխան անմիջապես կարող է մոտեցվել կրծքին: Միջամտությունն իրականացնելուց հետո անհրաժեշտ է կրծքով կերակրման մասնագետի կրկնակի խորհրդատվություն, առկա հնարավոր խնդիրները վերացնելու համար:

Նկ.2 Նկարում պատկերված է նույն նորածինը՝ ֆրենոտոմիայից առաջ և անմիջապես հետո: Չի նկատվել ոչ մի արյունահոսություն: Միջամտությունից հետո զգալիորեն բարելավվել է կրծքով սնուցումը:

Առավել մեծածավալ միջամտություն, որը հայտնի է որպես ֆրենուլոպլաստիկա, կարող է ցուցված լինել այն դեպքերում, երբ արատը շատ արտահայտված է, կամ լեզվի սանձիկը շատ հաստ է ֆրենոտոմիայի համար: Ֆրենուլոպլաստիկան կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում, վիրաբուժական գործիքների միջոցով:

Այս հոդվածը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն և ոչ մի դեպքում չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը: Լեզվի կարճ սանձիկի հետ կապված խորհրդատվության նպատակով կարող եք դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան ամբուլատոր ծառայություն։

No Comments

Sorry, the comment form is closed at this time.