Ի՞նչ է դիրքային պլագիոցեֆալիան - Pavel Mazmanyan | MD, PhD, Neonatologyst
59
post-template-default,single,single-post,postid-59,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,qode_grid_1300,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-15.0,qode-theme-bridge,disabled_footer_top,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.7,vc_responsive

Ի՞նչ է դիրքային պլագիոցեֆալիան

Պլագիոցեֆալիան, որը այլ կերպ անվանում են տափակ գլխի համախտանիշ, գանգի ոսկրերի ախտահարում է, որի հետևանքով երեխայի գլխի հետին հատվածը տափակած տեսք է ստանում: Երբեմն այն կոչում են «դեֆորմացնող պլագիոցեֆալիա»:

Գանգը կազմված է մի քանի ոսկրային թիթեղներից, որոնք ծնվելիս իրար հետ միացված չեն և միաձուլվում  են աստիճանաբար՝ երեխայի աճին զուգընթաց: Կյանքի առաջին ամիսներին գանգի ոսկրերը բավական փափուկ են և հեշտությամբ են ձևափոխվում։ Դրա հետ կապված ծոծրակի վրա գործադրվող ճնշումը կարող է փոփոխել գանգոսկրերի ձևը, ինչի հետևանքով երեխայի գլուխը դառնում է տափակ:

Դիրքային պլագիոցեֆալիան վերջին տարիների ընթացքում ավելի հաճախ է հանդիպում: Ըստ որոշ տվյալների, արտահայտման տարբեր աստիճանի դիրքային պլագիոցեֆալիան վերջերս ախտորոշվում է մինչև 1 տարեկան երեխաների մոտ 40-50%-ի շրջանում: Այն առավել հաճախ հանդիպում է անհաս, բազմապտուղ հղիությունից ծնված, ներարգանդային աճի դանդաղում ունեցող և վակում օժանդակությամբ ծնված նորածինների մոտ: Ձևափոխումը սովորաբար ի հայտ է գալիս կյանքի առաջին 3 ամիսների ընթացքում, երբ երեխան իր ժամանակի մեծ մասը անցկացնում է մեջքի վրա պառկած։ Այդ ժամանակ գանգը առավել խոցելի է ձևափոխում առաջացնող գործոնների նկատմամբ: Գլխի տափակում կարող է զարգանալ նաև մինչև ծնվելը, երեխայի ներարգանդային դիրքի հետ կապված: Համարվում էր, որ դիրքային պլագիոցեֆալիան գլխուղեղի զարգացման վրա որևէ ազդեցություն չունի և ծնողների համար անհանգստացնող էր միայն երեխայի գլխի էսթետիկ տեսքը: Սակայն վերջերս ԱՄՆ-ում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գանգի դիրքային ձևափոխում ունեցող երեխաների մոտ վաղ դպրոցական հասակում կարող են դիտվել զարգացման հետ կապված աննշան խանգարումներ:

Որո՞նք են դիրքային պլագիոցեֆալիայի պատճառները

Դիրքային պլագիոցեֆալիան առաջանում է գանգի վրա արտաքինից ազդող ճնշման հետևանքով, որի հիմնական պատճառը քնած վիճակում երեխայի մեջքի վրա պառկած դիրքն է: Վերջին տարիներին ամբողջ աշխարհում՝ այդ թվում և Հայաստանում, բժիշկները խորհուրդ են տալիս բոլոր նորածիններին քնեցնել մեջքի վրա, հանկարծամահության համախտանիշի ռիսկը նվազեցնելու նպատակով: Մեքենայի մանկական նստարանների և ժամանակակից առավել կոշտ ներքնակների կիրառումը նույնպես հանգեցրել են դիրքային պլագիոցեֆալիա ունեցող երեխաների քանակի աճին: Այնուամենայնիվ, բժիշկները առաջվա նման խորհուրդ են տալիս քնեցնել երեխային մեջքի վրա պառկած, քանի որ հանկարծամահության համախտանիշի կանխարգելման կարևորությունը էականորեն գերազանցում է դիրքային պլագիոցեֆալիայի հետ կապված հետագա ցանկացած բարդություն:

Որո՞նք են դիրքային պլագիոցեֆալիայի ախտանիշները

Դիրքային պլագիոցեֆալիայի հիմնական ախտանիշը գլխի հետին հատվածի տափակումն է: Գլխի ծոծրակային հատվածը տափակած է երկկողմանի հավասարաչափ, կամ էլ առավել շատ կողմնային հատվածներից մեկում:

Գլխի ձևափոխման պարագայում, վաղ հասակի երեխաների մոտ անհրաժեշտ է անցկացնել բժշկի խորհրդատվություն, գլխի ձևափոխումով ուղեկցվող այլ բնածին հիվանդությունները բացառելու նպատակով: Այդ հիվանդությունների շարքին են պատկանում բնածին մկանային ծուռվզությունը, դիրքային ծուռվզությունը, լյամբդայաձև միակողմանի սինոստոզը, պսակաձև միակողմանի սինոստոզը:

Ինչպե՞ս է ախտորոշվում դիրքային պլագիոցեֆալիան

Եթե Ձեր երեխան չունի այլ ախտանիշներ, ապա հավանաբար կլինիկական զննումը բավարար կլինի: Ծնողների նկարագրությունը բավականին բնորոշ է․ գլխի շրջագիծը եղել է նորմալ ծնվելիս, իսկ տափակումը առաջին անգամ նկատվել է 2-3 ամսական հասակում:

Եթե բժիշկը ունի որոշակի կասկածներ կապված ախտորոշման հետ, այլ հիվանդությունները բացառելու նպատակով Ձեր երեխան կարող է լրացուցիչ հետազոտությունների կարիք ունենալ (գանգի ռենտգեն հետազոտություն, նեյրոսոնոգրաֆիա, ՀՇ կամ ՄՌՏ սկանավորում):

Դիրքային պլագիոցեֆալիայի ժամանակ գլուխը ձեռք է բերում զուգահեռագծի տեսք։

Տարբեր աստիճանի աջակողմյան դիրքային պլագիոցեֆալիա

Որո՞նք են բուժման մեթոդները

Թեթև ձևերը չեն պահանջում որևէ ակտիվ բուժում:

Կան մի քանի միջոցներ, որոնք կնպաստեն գլխի ձևի առավել արդյունավետ ինքնուրույն շտկմանը.

  • Պլագիոցեֆալիայի վաղ հայտնաբերումը– ինչքան փոքր է երեխան խնդրի բացահայտման ժամանակ, այնքան մեծ են հիվանդության զարգացման դադարեցման շանսերը
  • ՙՙՓորիկի վրա դիրքը՚՚– մենք խորհուրդ չենք տալիս ՙՙ փորի վրա՚՚ դիրքը որպես երեխայի քնելու դիրք, բայց ինչքան շատ ժամանակ երեխան կանցկացնի փորի վրա արթուն վիճակում, այնքան մեծ են պլագիոցեֆալիայի զարգացումը դադարեցնելու և բնական շտկումը սկսելու շանսերը: Խաղացեք երեխայի հետ, երբ նա գտնվում է փորի վրա: Երեխաները սիրում են  բարձրացնել գլուխը և նայել իրենց շուրջը, երբ գտնվում են փորի վրա։
  • Դիրքը քնելու ժամանակ – կարգավորեք այն այնպես, որպեսզի երեխայի գլուխը թեքվի դեպի ձևախախտման հակառակ կողմը, այդ նպատակով երեխայի օրորոցի նախընտրած հատվածում կարող եք կախել վառ գույներով խաղալիքներ: Ներքնակի տակ սրբիչից պատրաստված գլանակի

օգտագործումը կարող է նպաստել գլխի ամենատափակ հատվածի վրա ճնշման նվազեցմանը:

  • Ֆիզիոթերապիա – այն երեխաների համար, ովքեր դժվարությամբ են թեքում գլուխը որոշակի ուղղությամբ, ֆիզիոթերապիան կարող է օգտակար լինել: Ինչքան շուտ գլուխը հեշտությամբ թեքվի երկու ուղղությամբ, այնքան արագ կսկսվի գլխի ձևի բնական շտկման գործընթացը:
  • Սաղավարտներ – նրանց օգտագործումը վիճարկելի է: Եթե վերը նշված բոլոր մեթոդների կիրառումը եղել է անարդյունավետ, կօգնի՞ արդյոք սաղավարտը: Հստակ պատասխան գոյություն չունի: Սաղավարտների մեծ անհարմարությունը կայանում է նրանում, որ դրանք պետք է կրել օրը 23 ժամ, մի քանի ամիսների ընթացքում: Սաղավարտների կիրառումը առավել արդյունավետ կարող է լինել այն ժամանակ, երբ գլուխը դեռ բավական ՙՙպլաստիկ՚՚ է:

Դիրքային պլագիոցեֆալիան կանխարգելելու խորհուրդներ

Եթե երեխան արթուն վիճակում ժամանակի մեծ մասը անց է կացնում մեջքի վրա և գերադասում է որոշակի դիրք, կարող է զարգանալ գանգի տափակում, կամ էլ արդեն առկա ձևափոխման վատթարացում:

Ծնողներին պրոֆիլակտիկ մեթոդների ուսուցանումը, վաղ սկրինինգը և դիրքային պլագիոցեֆալիայի հայտնաբերումը բժշկի առաջին այցելությունների ժամանակ մեծ կարևորություն ունի դիրքային պլագիոցեֆալիայի կանխարգելման և բուժման հարցում։

Ծնողները հաճախ են ասում, որ երեխաները  չեն սիրում իրենց ժամանակը անցկացնել փորի վրա։

Ահա փորի վրա աստիճանաբար ավելի շատ ժամանակ անցկացնելու ընտելացմանն ուղղված խորհուրդները, որոնք օգտակար կլինեն ծնողների և խնամակալների համար։

  • Ամեն անգամ տակդիրի փոխելուց հետո պառկեցրեք երեխային փորի վրա, օրական ավելացնելով մեկական րոպե։
  • Երեխայի ձեռքերը ուղիղ պարզած վիճակում նրա կրծքավանդակի տակ դրված ծնողի ձեռքը կամ ծալված սրբիչը կարող են օժանդակել երեխային, քանի դեռ պարանոցի մկանային ուժը բավարար չի զարգացել։
  • Երեխաները սիրում են ուսումնասիրել իրենց շրջապատող իրերը։ Երեխային շրջապատեք գույնզգույն, վառ խաղալիքներով և հայելիով։

Հատակին կարող եք փռել մանկական գորգը և երեխային պառկեցնել փորիկի վրա, սրբիչից պատրաստած գլանակը դնելով երեխայի կրծքավանդակի տակ: Իսկ երեխայի ծնողները կամ խնամակալը պետք է գտնվեն երեխայի մոտ, ինչպես նկարագրված է նկարում։

Մարմնի ճիշտ դիրք ապահովելու խորհուրդներ

Դիրքային պլագիոցեֆալիայի զարգացման հավանականությունը նվազեցնելու նպատակով․

  • Օրորոցի մի ծայրին տեղադրեք վառ գույներով խաղալիք կամ հայելի, որպեսզի երեխան նայի անհրաժեշտ ուղղությամբ։
  • Սահմանափակեք մեքենայի մանկական նստարանում երեխայի քնելու ժամանակահատվածը։
  • Ամեն քնացնելուց փոփոխեք երեխայի գլխի տեղը։

Այս հոդվածը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն և ոչ մի դեպքում չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը: Պլագիոցեֆալիայի հետ կապված խորհրդատվության նպատակով կարող եք դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան ամբուլատոր ծառայություն։

No Comments

Sorry, the comment form is closed at this time.