Բնածին մաշկային նշաններ - Pavel Mazmanyan | MD, PhD, Neonatologyst
478
post-template-default,single,single-post,postid-478,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,qode_grid_1300,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-15.0,qode-theme-bridge,disabled_footer_top,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.7,vc_responsive

Բնածին մաշկային նշաններ

Նորածինների մոտ հանդիպող բնածին նշանները հաճախ են անհանգստացնում ծնողներին։ Եթե դրանցից որոշները հայտնաբերվել են ծննդատնից դուրս գրվելուց հետո, ապա բժշկի խորհրդատվությունը ցանկալի է` հետագա հսկողության անհրաժեշտությունը պարզելու համար։

Բնածին նշանները կարելի է բաժանել 3 խմբի` պիգմենտային նշաններ, անոթային նշաններ և անոմալ զարգացման հետևանքով առաջացած նշաններ։ 

1. Պիգմենտային նշաններ

Բնածին մելանոցիտար նևուս

Բնածին մելանոցիտար նևուսը հանդիպում է նորածինների 0․2- 2․1 % շրջանում։ Նևուսի երանգները տատանվում են շագանակագույնից մինչև սև։ Դրանք մեծամասամբ տափակ են, բայց կարող են հանդիպել նաև մաշկի մակերեսից բարձրացող նևուսներ։

Դերմալ մելանոզ

Առավել հայտնի է որպես “մոնգոլյան բիծ”։ Մեծ մասի մոտ այն հանդիպում է մեջքի կամ նստատեղի շրջանում և կարելի է հեշտությամբ շփոթել կապտուկների հետ։ Դերմալ մելանոզների մեծ մասը անհետանում են մոտ 2 տարեկան հասակում։

2. Անոթային նշաններ

Հեմանգիոմաներ

Մանկական հեմանգիոմաները հաճախ բնորոշվում  են որպես մորենման հեմանգիոմաներ։ Դրանք հանդիպում են  նորածինների 1․1-2․6 % մոտ։ Ծնվելիս այս ախտահարումը կլինիկական դրսևորումներ կարող է չունենալ կամ կարող է արտաhայտվել մարմնի վրա գունատ հատվածի տեսքով։ Մանկական հեմանգիոմաները կարող են զարգանալ կյանքի առաջին ամիսների ընթացքում․ 1 տարեկան հասակում երեխաների 10%-ը ունենում են հեմանգիոմաներ։ Մանկական հեմանգիոմաները 1 տարեկանից հետո հակված են հետաճման և անհետացման․ դրանց 50%-ը անհետանում են մինչև 5 տարեկան, 70%-ը՝ մինչև 7 տարեկան և 90%-ը՝ մինչև 10 տարեկան հասակը։ 

Հեմանգիոմաները, որոնք ճնշում են գործադրում աչքերի, շնչուղիների կամ կենսական կարևոր այլ օրգանների վրա, նորածնային շրջանում պահանջում են անհապաղ խորհրդատվություն։ Խորը տեղակայված հեմանգիոմաները պահանջում են ստորև գտնվող հյուսվածքների հետազոտություն և ընդհանուր զննում։

Հրաբորբային նևուս

Հրաբորբային նևուսը (հայտնի է նաև որպես պորտվեյնյան բիծ) անոթային նշան է, որը հանդիպում է նորածինների 0.3%-ի մոտ։ Այս տափակ օջախները ունենում են մուգ կարմիրից մինչև մանուշակագույն երանգավորում և ծնվելիս հեշտությամբ նկատելի են։ Ի տարբերություն հեմանգիոմաների դրանք, որպես կանոն, ժամանակի ընթացքում չեն անհետանում և կարող են անգամ ավելի մգանալ։ Պորտվեյնյան բծերը կարող են առաջացնել վարիկոզներ, հանգույցներ կամ գրանուլոմաներ։

Եռորյակ նյարդի ակնային ճյուղի շրջանում պորտվեյնյան բծի առկայությունը կապված է իպսիլատերալ (նույն կողմից) գլաուկոմայի հետ։ Գլաուկոման կարող է հանդիպել մեկուսի կամ որպես Շտուրգե-Վեբեր համախտանիշի մաս, որը հանդիպում է ակնային պորտվեյնյան բիծ ունեցողների 5-8 %-ի մոտ։

Nevus simplex

Nevus simplex- ը անոթային նշան է, որը դիտվում է նորածինների 33 %-ի մոտ։ Լինելով հայտնի որպես “արագիլի խայթոց”, “հրեշտակի համբույր” կամ “սաղմոնի բիծ”, այս տափակ նարնջավարդագույն նշանները առաջանում են բուն մաշկում՝ տելեանգիեկտազիաների հետևանքով։ Դրանք առաջանում են աչքերի, գլխամաշկի և պարանոցի շրջանում և սեղմելիս գունազրկվում են։ Ի տարբերություն պորտվեյնյան բծերի, որոնք սովորաբար միակողմանի են, սաղմոնյան բծերը առաջանում են հավասարապես դեմքի երկու կողմերում։ Սրանք բարորակ են և չունեն կլինիկական նշանակություն․ դրանք մեծամասամբ անհետանում են մինչև 18 ամսական հասակը, ընդ որում՝ 40%-ը նորածնային շրջանում։

3. Այլ բնածին նշաններ

Հավելյալ պտուկներ

Հավելյալ պտուկները կարող են լինել միակողմանի կամ երկկողմանի, դրանք կարող են բաղկացած լինել արեոլայից, պտուկից կամ երկուսից էլ։ Պիգեմնտացիայի պատճառով դրանք կարող են սխալմամբ ընդունվել որպես բնածին մելանոցիտար նևուս։ Որպես կանոն լրացուցիչ պտուկները բարորակ են։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս դրանց զուգորդումը երիկամային կամ միզասեռական համակարգի անոմալիաների հետ։

Ողնաշարի դիսրաֆիզմի մաշկային դրսևորումներ

Ողնաշարի դիսրաֆիզմը ողնաշարի միջին տարրերի անլիարժեք սերտաճման հետևանքով առաջացած բնածին անոմալիաների բազմազան խումբ է։ Որոշ անոմալիաներ (օր․՝ միելոմենինգոցելեն) ակնհայտ երևում են ծնվելիս, իսկ որոշները պատված են մաշկով և դժվարությամբ են հայտնաբերվում։ Միջին գոտկասրբանային հատվածի մաշկի ախտահարումները (օր․՝ լիպոմաներ, խոռոչներ, մաշկային սինուսներ, ռուդիմենտար պոչեր, հեմանգիոմաներ, հիպերտրիխոզ) ողնաշարի դիսրաֆիզմի մաշկային նշաններն են։

Միջին գոտկասրբանային հատվածի ախտահարումներ ունեցող բարձր կամ միջանկյալ ռիսկի խմբի, ինպես նաև ցանկացած տեսակի բազմաթիվ ախտահարումներ ունեցող պացիենտները պետք է պարտադիր հետազոտվեն։ Հաշվի առնելով բաց թողնված ախտորոշումների աղետալի նյարդաբանական հետևանքները, բժիշկները ցանկացած բարձր ռիսկի ախտահարումներ ունեցող պացիենտներին հաճախ նշանակում են լրացուցիչ հետազոտություններ։ 

Ողնաշարի թաքնված դիսրաֆիզմը հայտնաբերելու ամենազգայուն միջոցը մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան է (ՄՌՏ), բայց այն թանկարժեք է և հաճախ սեդացիա է պահանջում։ Նեյրոսոնոգրաֆիան (գլխուղեղի ուլտրաձայնային հետազոտություն), որպես սկրինինգային հետազոտություն, նույնպես համարվում է ողնուղեղային խողովակի զարգացման անոմալիաները հայտնաբերելու զգայուն միջոց։

Այս հոոդվածը պարունակում է ընդհանուր տեղեկություն և ոչ մի դեպքում չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը։ Բնածին նշանների դեպքում, խորհրդատվության նպատակով կարող եք դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան ամբուլատոր ծառայություն։

No Comments

Sorry, the comment form is closed at this time.