Անհաս երեխայի աճը և զարգացումը - Pavel Mazmanyan | MD, PhD, Neonatologyst
432
post-template-default,single,single-post,postid-432,single-format-standard,ajax_fade,page_not_loaded,,vertical_menu_enabled,qode-title-hidden,qode_grid_1300,side_area_uncovered_from_content,qode-content-sidebar-responsive,qode-theme-ver-15.0,qode-theme-bridge,disabled_footer_top,disabled_footer_bottom,wpb-js-composer js-comp-ver-5.4.7,vc_responsive

Անհաս երեխայի աճը և զարգացումը

Անհաս երեխաների մոտ աճի, կերակրման հմտությունների և զարգացման գնահատումը պետք է կատարվի շտկված տարիքի հիման վրա: Երեխայի տարիքը հաշվարկված ծննդյան փաստացի ամսաթվով կբերի ոչ պատշաճ գնահատման և սխալ խորհուրդների: Ծնողները հաճախ նշում են, որ  բուժաշխատողները հաշվի չեն առնում նորածնի անհասությունը:

  • Հասուն հղիության ժամկետը գնահատվում է 40 շաբաթ, սկսած հղիի վերջին դաշտանային ցիկլից:
  • Շտկված տարիքը (ՇՏ) ցույց է տալիս, թե ինչքան կլիներ նորածնի տարիքը, եթե հղիությունը հասներ հասուն ժամկետի:
  • Քրոնոլոգիական  տարիքը (ՔՏ) ցույց է տալիս երեխայի տարիքը սկսած ծննդյան փաստացի ամսաթվից:
  • Շտկված տարիքը որոշելու համար, որպես ծննդյան ամսաթիվ օգտագործվում է ճշգրիտ հաշվարկված ծննդաբերության ակնկալվող ամսաթիվը (ԾԱԱ) :

    Քրոնոլոգիական տարիքից շտկված տարիքի (ՇՏ) որոշումը

(ՇՏ)= (ՔՏ) – անհասության ամիսները կամ շաբաթները

Օրինակ՝

  • Նորածինը ծնվել է 28 շաբաթական գեստացիոն ժամկետում
  • Նա 12 շաբաթ շուտ է ծնվել ժամանակից  (40 շաբաթ – 28 շաբաթ =12 շաբաթ = 3 ամիս)
  • Այսօր լրանում է նրա փաստացի ծննդյան 6 ամիսը (6 ամիս քրոնոլոգիական տարիք)
  • ՇՏ= 6 ամիս – 3 ամիս
  • Նորածինը 3 ամսական է

Ցածր քաշով ծնված բազմաթիվ երեխաներ և նրանց ընտանիքները հետագա հսկողության նպատակով այցելում են բժշկական զննման, որի ժամանակ բժիշկը գնահատում է երեխայի զարգացման առաջադիմությունը, իսկ բուժման անհրաժեշտության դեպքում իրականացնում է վաղ միջամտություն: Հետագա հսկողության նպատակով իրականացվող այցերը կատարվում են ըստ ժամանակացույցի՝ կյանքի 1-ին տարվա ընթացքում: Երեխայի զարգացումը գնահատելու հետ մեկտեղ, բժիշկը կանոնավոր ստուգում է քաշը, գլխի շրջագիծը և հասակը, համոզվելու համար, որ երեխայի աճը ընթանում է ըստ նախատեսվածի:

Երեխայի աճի գնահատման քարտեր

Ծնողներին տրվում են անհատական աճի գնահատման քարտեր, որոնց վրա նշվում է երեխայի աճի ցուցանիշները և համեմատվում են դրանք աճի տարիքային միջին ցուցանիշների հետ: Այն երեխաների ցուցանիշները, ովքեր ծնվել են 37 շաբաթականից շուտ ժամկետում, նշվում են անհասների համար նախատեսված քարտում, մինչև 10 շաբաթ, սկսած նրանց ծննդաբերության ակնկալվող ամսաթվից: Դրանից հետո անհաս երեխաների աճը գրանցվում է հիմնական քարտերում՝ շտկված տարիքին համապատասխան:

Նկ. 1 Բոլոր անհաս երեխաների աճի ցուցանիշները պետք է գրանցվեն Ֆենտոնի աճի քարտում համապատասխան նրանց շտկված տարիքին (ՇՏ)՝ մինչև 40 շաբաթ, գումարած հետծննդյան 10 շաբաթը:

Նկ.2 50 շաբաթական շտկված տարիքին հասնելուն պես, անհաս նորածինների ցուցանիշները պետք է միայն նշվեն ստանդարտ աճի քարտերում, հաշվի առնելով նրանց և՛ շտկված և՛ փաստացի տարիքը:

Աճի գնահատման քարտերի կառուցվածքը

Երեխայի զարգացումը բնութագրվում է ցենտիլներ կոչվող չափումներով, որովհետև դրանք համապատասխանում են տոկոսների միջինացված արժեքին: Քարտի վրա նշված կորագծերը ցույց են տալիս երեխայի բնականոն զարգացումը, թե ինչպես է երեխայի քաշը նորմայում աճում և հավասարվում որոշակի տարիքում: Օրինակ՝ եթե երեխայի հասակը նրա տարիքին համապատասխան 5-րդ ցենտիլում է գտնվում, դա նշանակում է, որ եթե համեմատվեն 100 երեխայի հասակի ցուցանիշները, ապա վերը նշված երեխան կլինի թվով 5-րդը, իսկ ամենաբարձրահասակը՝ 100-րդը: Գոյություն ունեն առանձին քարտեր նախատեսված տղաների և աղջիկների համար, քանի որ տղաները որպես կանոն ավելի ծանր են: Քաշի և հասակի ցենտիլները պետք է համապատասխանեն միմյանց, եթե դրանց միջև տարբերությունը շատ է, դա կարող է ցույց տալ երեխայի մոտ թերքաշության կամ գերքաշության առկայության մասին, և բժիշկը պետք է քայլեր ձեռնարկի ուղղված սնման ռեժիմի կարգավորմանը:

Զարգացման էտապ

Նախապես որոշված «թիրախների» գնահատումից առավել ինֆորմատիվ է  զարգացման Էտապների դիտարկումը: Որոշ անհաս երեխաների մոտ այդ միջոցով կարելի է ի հայտ բերել լրացուցիչ միջամտության մասին ազդարարող նշաններ: Երեխայի կյանքի առաջին տարիների ընթացքում, բժիշկը կգնահատի նրա զարգացման առաջընթացը:

Դրանք սովորաբար հանգամանորեն մշակված «թիրախներ» են, հիմնված երեխայի կողմից որոշակի հմտություն ձեռք բերելու միջին տարիքի վրա: Օրինակ՝ երեխան փորձում է ինքնուրույն քայլել միջինում 8-18 ամսականում: Զարգացման էտապները մշակվել են, որպեսզի օգնեն բժիշկներին վաղ նկատելու խնդիրները: Ծնողները պետք է ի նկատի ունենան, որ հասուն երեխաների զարգացումը նույնպես կարող է չհամապատասխանել նախատեսված նորմերին:

Եթե երեխան ծնվել է անհաս, ապա զարգացման էտապը գնահատվում է նրա ծննդյան ակնկալվող, այլ ոչ թե փաստացի ամսաթվին համապատասխան: Մոտ 2 տարեկան հասակում, անհաս երեխաների զարգացումը հաճախ հավասարվում է իրենց հասուն ծնված հասակակիցներին և հետևաբար այդ տարիքից սկսած կարելի է կիրառել երեխայի փաստացի տարիքը: Շատ անհաս նորածինների մոտ երբեմն դա ձգվում է մինչև 3 տարեկան հասակը:

Քայլ առ քայլ կատարելով առաջընթաց

Վերադառնանք քայլելու զարգացման էտապի վերոհիշյալ օրինակին, եթե երեխան չի սկսել քայլել 10-18 ամսականում, դա դեռ չի խոսում խնդրի պարտադիր առկայության մասին: Երեխան կարող է հետագայում հաջողությամբ լրացնել այդ «բացը»: Այնուամենայնիվ բժիշկը կարևորություն տալով դրան, կուղեգրի համապատասխան մասնագետի մոտ, քանի որ որոշ դեպքերում երեխան կարող է բուժման կարիք ունենալ:

Փորձեք չհամեմատել Ձեր երեխային իր հասուն ծնված հասակակիցների հետ: Որոշ ծնողներ հաճախ են մտածում իրենց երեխայի զարգացման էտապների մասին և հասկանում են դրանք որպես երեխայի զարգացման առաջընթացի կամ ձախողման ցուցանիշներ: Դրա փոխարեն ծնողները պետք է ընկալեն զարգացման էտապները որպես ազդանշաններ, որոնք կարող են անհրաժեշտության դեպքում օգնել նրանց: Զարգացման էտապների ուշացումը, չի մատնանշում խնդրի առկայության մասին:

Այս հոդվածը պարունակում է ընդհանուր տեղեկություն և ոչ մի դեպքում չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը: Անհաս երեխայի աճի և զարգացման հետ կապված խորհրդատվության նպատակով կարող եք դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան ամբուլատոր ծառայություն։

No Comments

Sorry, the comment form is closed at this time.