
03 Aug Այդ տհաճ բառը՝ դեղնուկ
(Ի՞նչ պետք է իմանա յուրաքանչյուր ծնող նորածնային դեղնուկի մասին)
Կյանքի առաջին շաբաթվա ընթացքում 60% հասուն և 80% անհաս նորածինների մոտ զարգանում է դեղնուկ:
Դեղնուկը դա մաշկի և աչքի սպիտակաթաղանթի դեղնավուն գունավորում է, որը առաջանում է, երբ նորածնի արյան մեջ բիլիռուբինի մակարդակը բարձրանում է նորմալ ցուցանիշներից: Դեղնուկի զարգացման պատճառ է հանդիսանում լյարդի ֆունկցիայի անլիարժեքությունը, որը բերում է բիլիռուբինի կապման և դուրս բերման գործընթացի խաթարման:
Բիլիռուբինը դա նյութ է, որը գոյանում է արյան կարմիր մասնիկների՝ էրիթրոցիտների քայքայման արդյունքում: Վերջիններիս քանակը նկատելի բարձր է նորածնային հասակում և դրանք առավել արագ են քայքայվում:
Բարեբախտաբար դեղնուկը հաճախ չի հարուցում խնդիրներ և անցնում է առանց բուժման: Սակայն երբեմն այն կարող է բերել լուրջ առողջական խնդիրների զարգացման և պատճառել անուղղելի վնաս նորածնի առողջությանը: Դեղնուկը վտանգավոր է նրանով, որ այն հանդիսանում է բջջային թունավոր նյութ և կարող է վնասել նորածնի գլխուղեղը: Այս վիճակը կոչվում է «կորիզային դեղնուկ»:

Նորածնային դեղնուկը միշտ առաջացնում է անհանգստություն ծնողի և զգոնություն բժշկի մոտ:
Ոչ ախտաբանական կամ այլ կերպ ասած <<ֆիզիոլոգիական>> դեղնուկը հիմնականում զարգանում է կյանքի 36 ժամից հետո և առավելապես արտահայտվում է կյանքի 3-4 օրերին:
Դեղնուկը, որը առաջանում է նորածնի կյանքի առաջին օրերին միանշանակ հանդիսանում է ախտաբանական վիճակի ախտանիշ: Որպես օրինակ կարելի է դիտարկել նորածնային հեմոլիտիկ հիվանդությունը:
Շատ մայրեր զգուշանում են կերակրել նորածնին, եթե նրանց արյան խումբը կամ ռեզուս պատկանելիությունը տարբերվում է նորածնի նույն ցուցանիշներից: Դա չհիմնավորված որոշում է, քանի որ ապացուցված է, որ մոր կաթի մեջ առկա հակամարմինները չեն կարող ստամոքսի լորձաթաղանթով թափանցել դեպի նորածնի արյուն: Այս սխալ մոտեցումը գոյություն ունի ավելի քան 30 տարի, սակայն չկա դրա ճշմարտության որևէ ապացույց: Ընդհակառակը՝ ցանկացած նորածին, որի մոտ առկա է դեղնուկ, կարիք ունի առաջնակի կաթով կամ խեժով կերակրման, որը նպաստում է մեկոնիումի արագ հեռացմանը, որտեղ պարունակվում է մեծ քանակությամբ բիլիռուբին: Հետագայում նորածնին առավել հաճախ կրծքին մոտեցնելը և կրծքով կերակրելը ևս նպաստում են դեղնուկի հետզարգացմանը:
Շատ կարևոր հիմնախնդիր է նաև դեղնուկի զարգացման հարցի շահարկումը կապված հեպատիտ Բ կանխարգելման նպատակով պատվաստումն իրականացնելու հետ: Սա չունի որևէ ապացուցողական հիմք, և չկա որևէ դեպք, որը նկարագրված և գիտականորեն ապացուցված լինի: Հեպատիտ Բ կանխարգելման նպատակով օգտագործվող պատվաստանյութը հանդիսանում է ռեկոմբինանտ պատվաստանյութ, որով պատվաստման դեպքում օրգանիզմում առաջանում են HBs յուրահատուկ հակամարմիններ, որոնք պաշտպանում են հեպատիտ Բ վիրուսից: Այն չի հանդիսանում կենդանի պատվաստանյութ, ինչպիսին է կարմրուկի, խոզուկի և կարմրախտի պատվաստանյութը և չի կարող առաջացնել հիվանդության անգամ թեթև տարբերակ: Շատ ծնողներ և անգամ բուժաշխատողներ, փորձում են կապել դեղնուկի զարգացումը պատվաստման հետ, քանի որ վերջինս իրականացվում է կյանքի առաջին օրերին, իսկ հաջորդող օրը նորածինների կեսից ավելիի մոտ զարգանում է ֆիզիոլոգիական դեղնուկ: Սակայն պետք է հիշել, որ այդ օրերին առաջանում են նաև այլ պատճառներից սկիզբ առած դեղնուկներ, որոնք են ներարգանդային ինֆեկցիաները կամ հիպօքսիան և կապը պատվաստման հետ հիմնավորված չէ:
Ե՞րբ է անհրաժեշտ բուժել նորածնային դեղնուկը
Եթե բիլիռուբինի մակարդակը նորածնի արյան մեջ հասնում է բարձր ցուցանիշների, ապա նորածնին անհրաժեշտ է բուժել: Չկա բուժման մեկնարկման միասնական ցուցանիշ: Այս ամենը կախված է նորածնի տարիքից և նրա գեստացիոն հասակից:
Դուք կարող եք հարցնել բիլիռուբինի քանակը նորածնի արյան մեջ և պատասխանը Ձեզ կզարմացնի, քանի որ այն կարող է 10 անգամ գերազանցել մեծահասակի արյան մեջ բիլիռուբինի ցուցանիշին: Բայց այդպիսին են նորածնի անատոմիա-ֆիզիոլոգիական առաձնահատկությունները և հնարավոր է, որ այդ ցուցանիշը բուժում չպահանջի նորածնի մոտ: Օրինակ՝ բիլիռուբինի մակարդակը 150 մկմոլ/լ կարող է լինել 3 օրական նորածնի մոտ և չպահանջել բուժում, քանի որ այն հանդիսանում է ֆիզիոլոգիական:
Գոյություն ունեն աղյուսակներ, որոնք կախված նորածնի գեստացիայից և հետծննդյան հասակից (ժամերով արտահայտված) օգնում են բժիշկներին որոշում կայացնել բուժման մեկնարկի և տեսակի մասին, աղյուսակներից մեկի օրինակը բերված է ստորև: Այս աղյուսակից երևում է, որ հիպերբիլիռուբինեմիայի բուժման ցուցանիշները առավել ցածր են կյանքի առաջին օրերի ընթացքում և հետագայում հարաճում են, ինչից հետևում է, որ առաջին օրերին բուժումը պետք է սկսել առավել ցածր ցուցանիշների պարագայում: Եթե բիլիռուբինի քանակը (արտահայտված մկմոլ/լ-ով ) գտնվում է կապույտ անընդհատ գծից մինչև կարմիր ընդհատվող գիծն ընկած միջակայքում, ապա պետք է սկսել ֆոտոթերապիա:

Կյանքի օրերից և բիլիռուբինի մակարդակից կախված բուժման ցուցումները:
Կարելի՞ է արդյոք արտաքինից որոշել բիլիռուբինի մակարդակը արյան մեջ:
Կարելի է, սակայն սա շատ սուբյեկտիվ մեթոդ է և այն խորհուրդ չի տրվում օգտագործել, մանավանդ բժիշկների կողմից: Այս մեթոդը հիմնված է Կրամերի մաշկային շրջանների վրա: Միտքը կայանում է նրանում, որ դեղնուկը սկսվում է դեմքի շրջանից, իսկ հետո տարածվում է դեպի իրան և վերջույթներ : Բիլիռուբինի շատ բարձր մակարդակի դեպքում ափերի և ներբանների մաշկը ևս ստանում է դեղին գունավորում: Եթե նորածնի ափերը և ներբանները արդեն ունեն դեղին գունավորում, շտապ պետք է դիմել բժշկի:

Մաշկային շրջանները և բիլիռուբինի մակարդակը:
Շատ ավելի հարմար է որոշել բիլիռուբինի մակարդակը միջմաշկային բիլիռուբինոմետրի միջոցով: Սակայն պետք է իմանալ, որ սա սկրինինգային մեթոդ է և եթե նորածինը արդեն ստանում է ֆոտոթերապիա, միջմաշկային բիլիռուբինոմետրի օգտագործումը ցուցված չէ: Եթե այս մեթոդով ստացվում են բիլիռուբինի բարձր մակարդակներ, այս ցուցանիշները պետք է վերստուգել բիլիռուբինի որոշման լաբորատոր մեթոդներով:

Տրանսկուտան բիլիռուբինոմետր
Եթե նորածնի մոտ հայտնաբերվել է դեղնուկ, Դուք կարող եք բժշկից լսել, որ նրան անհրաժեշտ է ստանալ ֆոտոթերապիա: Դա նշանակում է, որ նորածինը նվազագույնը 24 ժամ, կերակրման ընդմիջումներով, մերկ վիճակում պետք է գտնվի հատուկ լամպի տակ, որը հիմնականում արձակում է լույսի կապույտ սպեկտր: Ֆոտոթերապիան հանդիսանում է դեղնուկների բուժման հիմնական և անվտանգ տարբերակ նորածինների մոտ, որը օգնում է արագ և արդյունավետ իջեցնել բիլիռուբինի քանակը արյան մեջ: Լույսի որոշակի սպեկտրի ազդեցության տակ արյան մեջ շրջանառվող բիլիռուբինը դառնում է ոչ թունավոր օրգանիզմի համար: Հետո այն հեռացվում է օրգանիզմից շրջանցելով լյարդը: Ֆոտոթերապիայի ընթացքում պետք է ակտիվ շարունակել նորածնի կրծքով սնուցումը: Նորածնի կեղտը և մեզը կարող են մգանալ, որը հանդիսանում է նորմալ երևույթ բուժման այս տեսկի ժամանակ։

Նորածին, որը ստանում է ֆոտոթերապիա
Շատ ծնողներ այս լամպերը անվանում են կվարցային, սակայն դա սխալ է: Ֆոտոթերապիայի լամպերը չունեն ոչ մի ընդհանրություն կվարցային լամպերի հետ:
Երբեմն շատերը խորհուրդ են տալիս նորածնին պահել արևի ճառագայթների տակ, որը կարող է բերել նորածնի մոտ այրվածքների զարգացման: Իրականացնել արդյունավետ բուժում այս ճանապարհով առանց նորածնին վնասելու գործնակում անհնար է: Խորհուրդ չի տրվում նաև օգտագործել որևէ «լյարդապաշտպան» դեղորայքներ ( օր.՝ խոֆիտոլ ) կամ լեղամուղներ: Չկա նորածնային տարիքում վերջիններիս կիրառման արդյունավետության որևէ ապացույց:
Դեղնուկ և կրծքով սնուցում
Նորածինների մոտ, որոնք սնվում են կրծքով առավել հաճախ է ախտորոշվում դեղնուկ, ի համեմատ արհեստական կաթնախառնուրդով սնվող նորածինների: Սա կապված է այն փաստի հետ, որ առաջին օրերին դեռևս կրծքով սնուցումը լիարժեք չի իրականանում և ուշանում է մեկոնիումի հեռացումը օրգանիզմից: Այսպիսի վիճակը առաջարկված է անվանել «breast-nonfeeding jaundice» , ի նկատի ունենալով, որ դեղնուկի պատճառը չկարգավորված կրծքով սնուցումն է: Այդ պատճառով կրծքով սնուցումը պետք է սկսել հնարավորինս շուտ, և ինչպես ասում էր իմ իտալացի գործընկերը «լյարդը աշխատելու համար կարիք ունի վառելիքի»: Եվ իրոք, բիլիռուբինի կապման համար անհրաժեշտ ֆերմենտների սինթեզի համար լյարդը կարիք ունի կալորիաների, որը կարող է ստանալ միայն ճիշտ կրծքով սնուցման պարագայում: Խորհուրդ չի տրվում նորածնին տալ ջուր կամ գլյուկոզայի լուծույթ ի հավելում կրծքով սնուցման, ինչպես նաև որևէ դեղորայք: Դա միայն կխանգարի կրծքով սնուցման հաստատմանը:
Ի՞նչ պետք է անեն ծնողները և բուժաշխատողները, որպեսզի կանխեն դեղնուկի հետ կապված բարդությունների զարգացումը
- Անհրաժեշտ է նորածնին ուշադիր հետևել առաջին 3-5 օրերի ընթացքում դեղնուկի վաղ հայտնաբերման նպատակով
- Ծնողները պետք է տեղեկացված լինեն դեղնուկի <<վտանգավոր ախտանիշների>> մասին՝ ափերի և ներբանների դեղնություն, քնկոտություն կամ գրգռվածություն, սննդից հրաժարվել
- Ծնողները պետք է իմանան ում դիմել ախտանիշների հարաճման դեպքում
Մի շտապեք դուրսգրման հետ կապված, եթե դեռևս կրծքով սնուցումը չի հաստատվել: Դուրսգրման պարագայում, ձեռք բերեք պայմանավորվածություն մոտակա օրերի ընթացքում նորածնի վերագնահատման և արյան մեջ բիլիռուբինի քանակի որոշման, ինչպես նաև կրծքով կերակրման խորհրդատուի կողմից աջակցություն ստանալու նպատակով։
Այս հոդվածը պարունակում է ընդհանուր տեղեկություն և ոչ մի դեպքում չի կարող փոխարինել բժշկի խորհրդատվությանը: Նորածնի մաշկային ծածկույթների դեղնության դեպքում, խորհրդատվության նպատակով կարող եք դիմել «Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատան ամբուլատոր ծառայություն։
Sorry, the comment form is closed at this time.